Հանրագիտարան

Մարկ Ցուկերբերգ

"Facebook" սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծնվել է Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում 1984 թվականի մայիսի 14-ին: Համակարգչի և ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջանում է դեռ ցածր դասարաններում: 9-րդ դասարանում Մարկն ստեղծում է ամերիկյան հանրահայտ "Risk" խաղի համակարգչային տարբերակը:

Գրեթե նույն ժամանակ էլ նա ընկերոջ հետ գրում է ոչ մեծ հավելում "Winamp" ծրագրի համար: Երբ նրանք ծրագիրը գործարկում են ինտերնետում, "Microsoft"-ը նրանց մոտ 2 միլիոն դոլար է առաջարկում ծրագրի համար, սակայն ընկերները հրաժարվում են գործարքից`   նշելով, որ «ոգեշնչումը» չի վաճառվում:

 

2003թ. Մարկն ու իր համակուրսեցիներն աշխատում են "ConnectU" նախագծի վրա, որի հեղինակները`   Կամերոն եղբայրներն ու Դիվի Նարենդան, կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի: Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է "Facebook.com" դոմենը:

 

2004թ. փետրվարի 4-ին, երբ սկսում է գործել "Facebook"-ը, որն ամբողջությամբ կրկնում էր "ConnectU"-ի գաղափարները, նրանք հասկանում են, թե ինչ է կատարվել: Նախագծի հեղինակները վարձում են այլ ծրագրավորողների, բայց արդեն ուշ էր:

 

Ի սկզբանե "Facebook"-ը նախատեսված էր որպես Հարվարդի ուսանողների շփման միջոց: Բայց որոշ ժամանակ անց այստեղ արդեն կարող էին գրանցվել բոլոր դպրոցականներն ու ուսանողները: Գլխավոր պայման էր էլեկտրոնային հասցեի առկայությունը ".edu" կրթական տիրույթում:

 

Շուտով ռեսուրսը դուրս է գալիս կրթական շրջանակներից`   օրեցօր հավաքելով ավելի մեծ լսարան: Ժամանակի ընթացքում նրա հեղինակությունն այնքան է աճում, որ Մարկն ստիպված է լինում թողնել ուսումը և ամբողջովին նվիրվել դրան: Նա սկսում է փնտրել ներդրողներ:

 

2010 թվականի փետրվարի 4-ին լրացել է "Facebook"-ի ստեղծման 6-ամյակը: Այժմ այն համարվում է աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցը: «Թայմս» ամսագիրը 2010թ.-ին Ցուկերբերգին ճանաչել է տարվա մարդ: Չնայած սրան՝ Ցուկերբերգը վարում է նույն ուսանողական տարիների կյանքը:

 

Ցուկերբերգն ուսումնասիրում է մեռած լեզուներ, սիրում է բարեգործություն անել, վայելել իր ազատ ժամանակը: Նա մի քանի միլիարդանոց պայմանագիր խոստացող հանիպումից հրաժարվել է, քանի որ այդ օրը նա ծրագրել էր ժամանակն անցկացնել իր ընկերների ու կնոջ հետ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: