Հանրագիտարան

Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր

Ամերիկացի սեյսմաբան Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը (26 ապրիլի 1900թ. - 20 ապրիլի 1985թ) 1935թ. առաջարկել է էպիկենտրոնում երկրաշարժի գնահատման սանդղակը: Իր Սանդղակը (Ռիխտերի սանդղակ) նա տեսականորեն ստեղծել է ամերիկացի սեյսմաբան Բենո Գուտենբերգի հետ 1941-1945թթ., որից հետո սանդղակը համաշխարհային ճանաչում է ստացել:

Ռիխտերը ծնվել է ֆերմերների ընտանիքում: Դեռևս դպրոցում Չարլզն իր մեջ ֆիզիկայի հանդեպ հակում է հայտաբերել ու ոչ միայն պարզապես մեխանիկայի կամ ստատիկայի, այլ հենց ատոմային ֆիզիկայի հանդեպ: Նրան դուր էր գալիս մոլեկուլներից, ատոմներից բաղկացած անտեսանելի աշխարհը:

 

Դպրոցն ավարտելուց հետո Ռիխտերն ընդունվել է Սթենֆորդի համալսարան, այնուհետև պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Նրան նկատել է Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Միլիքենը և առաջարկել աշխատանք Սեյսմոլոգիական լաբորատորիայում: Այստեղ Ռիխտերն սկսել է ուսումնասիրել սեյսմաբանություն:
 
Նա գրել է 2 դասագիրք, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը 21-րդ դարում: Այդ դասագրքերով մինչ օրս սովորում են բուհերի ուսանողները: Սանդղակի ստեղծումը Ռիխտերի աշխատանքների չնչին մասն է կազմում միայն: Նա իր ամբողջ կյանքը պայքարել է շինությունների կառուցման նորմերի խստացման համար:
 
Ճիշտ է, ոչ միշտ է հաջողվել համոզել ճարտարապետներին, սակայն նրա համառությունն օգնել է փրկելու հարյուրավոր մարդկային կյանքեր: Առօրյայում Ռիխտերը սիրում էր զբոսանքներ, ձկնորսությամբ էր զբաղվում, սիրում էր ճանապարհորդել: Նա տիրապետում էր 7 լեզվի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: