Հանրագիտարան

Սըր Ալֆրեդ Հիչքոք

Սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքը ծնվել է 1899թ.-ի օգոստոսի 13-ին Լոնդոնում և մահացել 1980թ.-ի ապրիլի 29-ին Լոս Անջելեսում: Մինչև 1929 թվականը Հիչքոքը աշխատել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում: Նա նկարահանել է թրիլլեր և սասփենս ոճի ֆիլմեր և համարվում է դասական այդ ոճի ֆիլմերի պատմության մեջ:

Հիչքոքը կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար: Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում:

 

Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 12-ին Լոնդոնում: Նրա հայրը նպարավաճառ էր: Հիչքոքն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի նստել մեքենայի ղեկին և վախեցել է ոստիկաններից: Դա հետևանք էր այն բանի, որ մանուկ հասակում նրան մի քանի ժամով փակել էին ոստիկանության առանձին խցում:
 
Նա սովորել է Լոնդոնի համալսարանում որպես ինժեներ, իսկ 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում: Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել որպես ռեժիսորի օգնական: 1926 թվականին նկարանել է իր առաջին ֆիլմը`   «Վարձով բնակվողը», որը թրիլլեր էր: Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է`   «Շանտաժ» (1929), որն ի դեպ հաջողություն ունեցավ կինովարձույթում:
 
1926 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռեվիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 1928 թվականի նրանք ունեցան մեկ աղջիկ`   Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի:
 
Հիչքոքի ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից է ֆիլմում ձայնի աշխատանքը. նա օգտագործում էր անսպասելի ձայնային էֆեկտներ կարևոր տեսարաններն առավել տպավորիչ դարձնելու համար: Նույն նպատակին էր ծառայեցնում նաև երաժշտությունը, որ իր ֆիլմերի համար հիմնականում գրում էր Բերնարդ Հերմանը: Հիչքոքի հերոսները հիմնականում մարդիկ էին, ովքեր հայտնվել են իրադարձությունների թակարդում: Ֆիլմերի սյուժեները կարելի է բաժանել 3 հիմնական մասի:
 
Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում: Իր ամբողջ կյանքի ընթացքում՝ հատկապես վերջին տարիներին, Հիչքոքը սիրում էր իրեն պարուրել խորհրդավոր, առեղծվածային մթնոլորտով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: