Հանրագիտարան

Սեմյուել Մորզե

Ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար Մորզե Սեմյուել Ֆինլի Բրիզը ծնվել է 1791թ. ապրիլի 27-ին, մահացել 1872թ. ապրիլի 2-ին: Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը: 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ:

Սեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասսաչուսեթսում՝ հարուստ ամերիկյան ընտանիքում: Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական: Երիտասարդ Սեմյուելը քոլեջն ավարտելուց հետո Բոստոնում ծառայող է աշխատում, բայց նկարչությամբ ոգևորված 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու: 

1813 թվականին Մորզեի Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում: Տասը տարի Մորզեն համեստ կյանք է վարում՝ ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ:
 
Սեմյուել Մորզեն, լինելով շփվող և ընկերասեր մարդ, ծանոթություններ է հաստատում և Նյու Յորքում նկարում բազմաթիվ դիմապատկերներ: Նրա ընկերների շարքում էին քաղաքագետ Լաֆայետը, վիպասան Կուպերը և անգամ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը: 1825 թվականին Սեմյուել Մորզեն հիմնում է Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիան և դառնում առաջին նախագահը: 1829 թվականին նրան գործուղում են Եվրոպա՝ ուսումնասիրելու նկարչական դպրոցների կազմակերպումը:
 
Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով: Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ: Երբ նրան ցույց են տալիս հեռագրի մոդելը, նա ամբողջովին տարվում է գյուտարարությամբ: 1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը, որն աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն: 
 
Նրան հաջողվեց ամերիկյան կոնգրեսից որոշ մարդկանց հետաքրքրել իր գաղափարներով և 1843 թվականին ստանալ 30000$՝ Բալթիմորից Նյու Յորք հեռագրական գիծ կառուցելու համար: 1844 թվականի մայիսի 24-ին գիծն աշխատեց, և Մորզեն ներքաշվեց դատական քաշքշուկների մեջ: Երկար պայքարից հետո՝ 1854 թվականին Գերագույն դատարանը ճանաչեց Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները:
 
Թերթերը, երկաթգիծը և բանկերը միանգամից սկսեցին օգտագործել հեռագիրը: Հեռագրագծերը պատեցին աշխարհը և Մորզեի փառքն ու դրամագլուխը բազմապատկվեցին: 1858 թվականին տասը Եվրոպական երկրներից իր գյուտի համար ստացավ 400000 ֆրանկ: Կյանքի վերջում Մորզեն զբաղվում էր բարեգործությամբ՝ հոգում էր դպրոցների, համալսարանների, հոգևորականների և աղքատ նկարիչների ծախսերը: 
 
Մահացել է 1872 թվականին 81 տարեկան հասակում: Հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության գյուտերից հետո հեռագրի գյուտը ետին պլան մղվեց, բայց Մորզեի հիասքանչ դիմապատկերները հայտնի են ողջ աշխարհին: Սեմյուել Մորզեի 1837 թվականի հեռագրական ապարատը պահպանվում է ԱՄՆ Ազգային թանգարանում, իսկ քաղաքամերձ տունը պահպանվում է որպես պատմական հուշարձան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: