Հանրագիտարան

Հանս Քրիստիան Անդերսեն

Դանիացի գրող և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին: Մանկուց հետաքրքրվել է թատրոնով, գրել պիեսներ:

1826–1827թթ. հրատարակել է բանաստեղծություններ, 1829թ.`   առաջին ֆանտաստիկ-երգիծական գիրքը`   «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու հրվանդանը»:

 

Գրել է նաև «Ստվերոտ պատկերներ» (1831թ.), «Պոետի շուկան» (1842թ.), «Իսպանիայում» (1863թ.) ճամփորդական ակնարկները, «Միայն ջութակահարը» (1837թ.), «Իմ կյանքի հեքիաթը» (1846թ.) վեպերը, «Ագնետան և ջրային ոգին» (1834թ.) պոեմը և այլն: 

 

Սակայն Անդերսենն աշխարհին ավելի հայտնի է իր հեքիաթներով: Ո՞ւմ չեն հիացրել նրա «Թագավորի նոր հագուստը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Սոխակը», «Ձյունե թագուհին» և այլ հեքիաթներ, որոնք տոգորված են սիրով ու նվիրումով, քաջությամբ, բարությամբ ու կարեկցանքով: 
 
Մանուկների կյանքից անբաժան են Անագե զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկը, հանուն սիրո իր կյանքը նվիրաբերած Ջրահարսը և տղան, որ բարձրաձայն ասաց ճշմարտությունը՝ թագավորը մերկ է...:
 
Անդերսենի հեքիաթների զարմանալի, անսովոր ու հրաշապատում նկարագրություններում անգամ երևում են իրական կյանքը, կենդանի մարդիկ ու իրողություններ: 
 
Անդերսենի հեքիաթները հիացնում են նաև մեծահասակ ընթերցողներին: Նրա հեքիաթների հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնք հետաքրքրությամբ դիտում են թե´ փոքրերը, թե´ մեծերը:
 
Անդերսենի հեքիաթները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանությամբ՝ մի քանի անգամ: Երևանի տիկնիկային թատրոնում բեմադրվել են նրա «Մատնաչափիկը», «Օլե-Լուկոյե», «Փոքրիկ Իդայի ծաղիկները», «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ» և այլ հեքիաթները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: