Հանրագիտարան

Սեմյուել Մորզե

Սեմյուել Մորզեն (ապրիլի 27, 1791թ. - ապրիլի 2, 1872թ.) 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, 1838 թվականին՝ այդ ապարատի համար կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ:

Սեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասաչուսեթսում`   հարուստ ամերիկյան ընտանիքում: Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական: Երիտասարդ Սեմյուելը քոլեջն ավարտելուց հետո Բոստոնում աշխատում է որպես գրասենյակային աշխատող, բայց նկարչությամբ ոգևորված, 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու:

 

1813 թվականին Մորզեի Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում: Տասը տարի Մորզեն համեստ կյանք է վարում՝ ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ:

 

Սեմյուել Մորզեն, լինելով շփվող և ընկերասեր մարդ, ծանոթություններ է հաստատում և Նյու Յորքում նկարում բազմաթիվ դիմապատկերներ: Նրա ընկերների շարքում էին քաղաքագետ Լաֆայետը, վիպասան Կուպերը և անգամ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը: 1825 թվականին Սեմյուել Մորզեն հիմնում է Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիան և դառնում առաջին նախագահը:
 
1829 թվականին նրան գործուղում են Եվրոպա՝ ուսումնասիրելու նկարչական դպրոցների կազմակերպումը: Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով: Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ:
 
1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը, որն աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն: Նրան հաջողվում է ամերիկյան կոնգրեսից որոշ մարդկանց հետաքրքրել իր գաղափարներով և 1843 թվականին ստանում է 30.000$ Բալթիմորից Նյու Յորք հեռագրական գիծ կառուցելու համար: 1844 թվականի մայիսի 24-ին գիծն աշխատում է և Մորզեն ներքաշվում է դատական քաշքշուկների մեջ:
 
Երկար պայքարից հետո՝ 1854 թվականին, Գերագույն դատարանը ճանաչում է Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները: Թերթերը, երկաթգիծը և բանկերը միանգամից սկսում են օգտագործել հեռագիրը: Մորզեի փառքն ու դրամագլուխը բազմապատկվում են: 1858 թվականին եվրոպական տասը երկրից իր գյուտի համար ստանում է 400000 ֆրանկ:
 
Կյանքի վերջում Մորզեն զբաղվում էր բարեգործությամբ՝ հոգալով դպրոցների, համալսարանների, հոգևորականների և աղքատ նկարիչների ծախսերը: Մահացել է 1872 թվականին 81 տարեկան հասակում: Հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության գյուտերից հետո հեռագրի գյուտը ետին պլան է մղվում, բայց Մորզեի հիասքանչ դիմապատկերները շարունակում են հիացնել աշխարհին:
 
Սեմյուել Մորզեի 1837 թվականին ստեղծած հեռագրական ապարատը պահպանվում է ԱՄՆ Ազգային թանգարանում, իսկ քաղաքամերձ տունը համարվում է պատմական հուշարձան:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: