Հանրագիտարան

Վլադիմիր Իլյիչ Լենին

Ռուս քաղաքական և պետական գործիչ, մարքսիզմի տեսաբան, աշխարհում առաջին սոցիալիստական հեղափոխության առաջնորդ և առաջին բանվորագյուղացիական պետության հիմնադիր ղեկավար Վլադիմիր Լենինը ծնվել է 1870 թ. ապրիլի 22-ին:

1887թ. ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց դեկտեմբերին ուսանողական ցույցերին մասնակցելու համար հեռացվել է և աքսորվել: 1891թ. ավարտական քննություններ է հանձնել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 

 

1893թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և ձերբակալվել: 1897թ. 3 տարով աքսորվել է Ենիսեյան նահանգի Շուշենսկոյե գյուղ: 1900թ. մեկնել է արտասահման: Փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովի և ուրիշների հետ սկսել է «Իսկրա» («Կայծ») թերթի տպագրությունը:

 

Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) 2-րդ համագումարում (1903թ.) ստեղծել է բոլշևիկների կուսակցությունը: 1907թ.-ից տարագրվել է: 1917թ. վերադարձել է Պետրոգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և առաջադրել «Ապրիլյան թեզիսները» սոցիալիստական հեղափոխության կուրսը (մարտավարությունը և ռազմավարությունը):

 

Նույն տարվա հոկտեմբերին ղեկավարել է զինված ապստամբությունը: Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարում (հոկտեմբերի 25) ընտրվել է խորհրդային առաջին կառավարության ժողկոմխորհի նախագահ, 1918թ.-ից Բանվորագյուղացիական պաշտպանության խորհրդի նախագահն էր, Համառուսաստանյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), հետագայում նաև ԽՍՀՄ ԿԸՀ-ի անդամ:

 

1918թ.-ից ապրել է Մոսկվայում, որը նույն թվականի մարտից ՌԽՖՍՀ, իսկ 1922թ.-ից ԽՍՀՄ մայրաքաղաքն էր: Վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանի և Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև Բրեստի խաղաղության պայմանագիրը (1918թ. մարտի 3) կնքելիս: Նույն օրը ծանր վիրավորվել է ահաբեկչական գործողության հետևանքով:
 
Քաղաքացիական պատերազմի (1918-1920թթ.) տարիներին եղել է «ռազմական կոմունիզմի» քաղաքականության գլխավոր նախաձեռնողը: Հավանություն է տվել հակահեղափոխության և նենգադուլի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը: Այն բռնի միջոցներով անզիջում պայքար էր ծավալելու վերացնելու համար ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց մամուլի օրգանները:
 
Այդ քաղաքականությունը հանգեցրեց միակուսակցական համակարգի առաջացմանը, ընդդիմադիր անվանի մտավորականների արտաքսմանը երկրից: Ռուսաստանում սկսված սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1921թ. որդեգրել է նոր տնտեսական քաղաքականություն, որը հնարավորություն էր տալիս մասամբ ազատականացնել նյութական արտադրության ոլորտը:
 
1922թ. հիվանդացել է և այլևս չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Լենինը Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր և ձգտել է դրանք կիրառել Ռուսաստանի հասարակական զարգացման խնդիրները լուծելու համար:
 
Ընդունելով ռուս մարքսիստների տեսակետն այն մասին, թե երկիրը թևակոխել է զարգացման կապիտալիստական ուղի, նա պաշտպանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությունը Ռուսաստանում և նրա վերափոխումը սոցիալիստական հեղափոխության: Հեղափոխական պայքարի հիմնական միջոցը Լենինը համարել է պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցության ստեղծումը՝ ի տարբերություն դումայական սոցիալ-դեմոկրատական  կուսակցությունների:
 
Առաջ է քաշել կապիտալիզմի զարգացման բարձրագույն՝ իմպերիալիզմի փուլին անցնելու գաղափարը և դրա հիման վրա եզրակացրել, որ Եվրոպայի առաջավոր երկրները հասունացել են համաշխարհային սոցիալիստական հեղափոխության համար, որը պիտի սկսի Ռուսաստանը՝ որպես համաշխարհային իմպերիալիստական համակարգի ամենաթույլ օղակ:
 
Խորհրդարանական ժողովրդավարության փոխարեն պաշտպանել է պրոլետարիատի (չունևոր բանվոր դասակարգ) դիկտատուրան՝ որպես սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման գործիք: Լենինի մահվանից հետո նրա մշակած տեսությունը ԽՍՀՄ-ում և մի շարք սոցիալիստական երկրներում կանոնակարգվել և կոչվել է լենինիզմ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: