Հանրագիտարան

Ալեքսանդր Մակեդոնացի

Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում մ. թ. ա. 356թ.-ի հուլիսի 20 (21)-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336-323թթ.) ստեղծած տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:
Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: 
 
Մ. թ. ա. 334թ. հունամակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333թ.-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել է: 332թ. գրավելով բոլոր նավահանգիստները`   Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում:
 
Մ.թ.ա. 332-331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս`   Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
 
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը Երվանդ Գ-ի, Փոքր Հայքինը Միթրաուստեսի գլխավորությամբ: Վերջիններս պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվել են թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել`   գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը:
 
Հայերը, սակայն, թույլ չեն տվել հունամակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութ՝ դրանց մեծ մասն իր անունով կոչելով Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329թ. ներխուժել է Միջին Ասիա, 327թ.-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326թ. գրավել Փենջաբը:
 
Հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը`   դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324թ. վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: