Հանրագիտարան

Ալբերտ Էյնշտեյն

Անվանի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը (այլ թարգմանությամբ՝ Ալբերտ Այնշտայն) ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին: Դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի:

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

 

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

 

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

 

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

 

Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:

 

Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն`   լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:

 

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը:
 
Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: