Հանրագիտարան

Արշակ Աթայան

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը (հունիս 20, 1877թ.- օգոստոս, 1938թ.) սովորել է Վաղարշապատի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Շուշիի թեմական դպրոցում։ 1898-1902թթ. ծառայել է ցարական բանակում։
1903-1904թթ. որպես սրբագրիչ աշխատել է «Մուրճ» ամսագրի (Թիֆլիս) խմբագրությունում։ 1904-1907թթ. ուսուցչություն է արել Իրանի Սավրա գյուղի դպրոցում։ Այստեղ գրի է առել Սալմաստի բոլոր 23 հայկական գյուղերի վիճակագրությունը, հավաքել ու գրի առել ժողովրդական երգն ու բանահյուսությունը:
 
1907-1911թթ. ուսուցչություն է արել Նոր Ջուղայի դպրոցներում, ապա պաշտոնավարել ռուս-պարսկական բանկի Սպահանի բաժանմունքը: Այդ տարիներին եղել է նաև քառաձայն երգչախմբի ղեկավար, մեներգիչ և դերասան`   հյուրախաղերի եկած Սիրանույշի և Արմեն Արմենյանի խմբերում: Գրել է դրամատիկական երկեր, որոնցից «Սասունցի Դավիթ»-ն Արմեն Արմենյանը բեմադրել է նախ Թեհրանում (1922թ.), ապա Ալեքսանդրապոլում (այժմ`   Գյումրի): 
 
1923թ. ընտանիքով վերադարձել է Հայաստան: Ուսուցչություն է արել Երևանում, Լենինականում, Ստեփանակերտում: Եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, լուսժողկոմատի բաժնի վարիչ, գյուղատնտեսական բանկի գլխավոր հաշվապահ: Մահացել է 1938թ.-ի օգոստոսին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: