Հանրագիտարան

Շառլ Բոդլեր

Ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը ծնվել է Փարիզում 1821 թվականի ապրիլի 9-ին: Հայրը`   Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827թ.-ին:
Մեկ տարի անց նրա կինն ամուսնացել է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը:
 
1833թ.-ին Բոդլերն ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա`   Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները: 1839թ.-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից հետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 
 
1842թ.-ին Բոդլերն արդեն չափահաս էր և, ստանալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների հետ, որոնք ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, Բոդլերը գերազանցում էր նրանց բոլորին իր խենթություններով: Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն:
 
Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանում Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը: 1845թ.-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը`   գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին՝ հատկապես՝ Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը:
 
Բոդլերը մասնակցում է 1848թ.-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար: Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն, որը լույս է տեսնում 1857թ.-ի հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, տուգանում թե´ բանաստեղծին, թե´ հրատարակիչներին:
 
Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես են գալիս ժամանակի առաջավոր մտածողները: «Ամբողջ ուժով ասում եմ՝ կեցցե՛ս»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն: 1864թ.-ին Բոդլերը թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում`   հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866):
 
Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում`   ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է իր մահկանացուն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: