Հանրագիտարան

Ֆեոդոր Շալյապին

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆեոդոր Շալյապինը ծնվել է 1873թ.-ի փետրվարի 13-ին: Նա ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում:

1890թ. ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու օպերային թատրոն (ք. Ուֆա), որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով: 1892-1893 թթ. Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893-1894թթ. օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը:

 

1895թ. Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896-1899թթ.՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899թ.-ից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ: Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ:
 
1901թ.-ից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման: 1922թ.-ից ապրել է Փարիզում:
 
Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները: Բարձր արվեստով է կատարել Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական, Մեֆիստոֆելի (Շ.Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») և այլ դերերգեր:
 
Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը: Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Մ.Գլինկայի, Մ.Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբան: 
 
Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջ.Վերդիի «Դոն Կառլոս», Մ.Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները: Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932թ., Ֆրանսիա) կինոնկարներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: