Հանրագիտարան

Հենրի Ֆորդ

Ամերիկացի ինժեներ, արդյունաբերող, գյուտարար, ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության համահիմնադիր "Ford Motors Company" ընկերության ու հոսընթաց-կոնվեյերային արտադրության հիմնադիր Հենրի Ֆորդը ծնվել է 1863թ. հուլիսի 30-ին միչիգանցի ագարակատիրոջ ընտանիքում: Հայրը միշտ դժգոհում էր նրանից. ագարակում Հենրին իրեն արքայորդու պես էր պահում և յուրաքանչյուր գործ անում դժկամորեն:

«Դեռ վաղ հասակից ես մտածում էի, որ շատ բաներ այլ կերպ կարելի է անել: Ինչո՞ւ ջրով դույլը ձեռքին ամեն օր բարձրանալ հսկայական աստիճաններով, եթե կարելի է տեղադրել մի քանի մետրանոց ջրատար խողովակ»,-պատմել է Ֆորդը:

 

Երբ Հենրին 12 տարեկան էր, հորից գրպանի ժամացույց է նվեր ստանում, սակայն չի համբերում և բացում է ժամացույցի կափարիչը: Սա օգնում է նրան մի կարևոր բացահայտում անել՝ մեխանիզմի մասերը փոխգործակցում են`   մի ակը պտտում է մյուսը, և յուրաքանչյուր պտուտակ կարևոր է մեխանիզմի աշխատանքի համար:
 
Հենրին հասկանում է՝ յուրաքանչյուր շարժում ծնվում է մյուսից, յուրաքանչյուրն ունի իր լծակը: Իսկ հաջողության հասնելու համար պետք է իմանալ, թե որ լծակները գործի դնել: Մի անգամ հոր հետ վերադառնալիս Հենրին տեսնում է ինքնագործ հսկայական մեքենա՝ լոկոմոբիլ: Այս դեպքն էլ կանխորոշում է նրա ապագան:
 
15 տարեկանում Հենրին որոշում է ոչ մի դեպքում ագարակատեր չդառնալ ու մի գիշեր թաքուն գնում Դեյթրոյթ: Աշխատում է մի քանի գործարաններում: Նա այնքան հմուտ էր, որ կոտրված մեխանիզմին դիպչելով՝ անմիջապես հասկանում էր անսարքության պատճառը:
 
Շուտով հայրը Հենրիին առաջարկում է 40 ակր հող գյուղ վերադառնալու և «մեքենա» բառը մոռանալու պայմանով: Հենրին համաձայնում է, բայց խեղճ հայրը չէր էլ պատկերացնում, որ որդին մոլորեցնում է իրեն: 1882թ. Հենրին ամուսնանում է Կլարա Բրայանտի հետ: Կլարան վստահ էր՝ ամուսինն անպայման կհասնի մեծ հաջողության: Նա միշտ հետաքրքրվում էր ամուսնու գործերով, բայց երբեք չէր միջամտում:
 
Պատահական չի ասված՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կողքին իմաստուն կին կա: Որոշ ժամանակ անց Հենրին և Կլարան տեղափոխվում են Դեյթրոյթ, որտեղ Հենրին գործի է անցնում էլեկտրական ընկերությունում որպես ինժեներ: 1893 թվականն էր, երբ ծնվեցին մեծ մագնատի որդին ու առաջին մեքենան: Երկու գիշերվա անդադար աշխատանքի արդյունքը հեծանվի 4 ակի վրա հավաքված մեքենան էր, որը կոչվեց «կվադրացիկլ»:
 
Նույն թվականին Ֆորդը դառնում է Էդիսոնյան ընկերության, 6 տարի անց՝ Դեյթրոյթի ավտոմոբիլային ընկերության գլխավոր ինժեներ: Ֆորդն իր ողջ մտավոր և ֆիզիկական կարողությունները ներդնում էր բենզինով «սայլակ» ստեղծելու, այլ ոչ գրասենյակային աշխատանքների մեջ, ընդ որում`   այդ ընթացքում 2 անգամ հրաժարվելով ղեկավարի պաշտոնից:
 
Հենրին ֆինանսական միջոցներ չուներ իր երազանքն իրականացնելու համար: Շուտով մի դեյթրոյթցի գործարար, հայտնվելով նրա արագընթաց «սայլակում», համաձայնվում է համագործակցել: Որոշ ժամանակ անց փակվում է "Detroit Automobile Company"-ն: «Ավտոմեքենայի պահանջարկ չկար, ինչպես որ չի լինում յուրաքանչյուր նոր ապրանքատեսակի դեպքում: Ես հրաժարվեցի իմ պաշտոնից`   որոշելով, որ էլ երբեք կախյալ դիրք չեմ զբաղեցնի»,- հիշում էր Ֆորդը:
 
1903թ. վերջապես գրանցվում է "Ford Motors Company"-ն, իսկ տարիներ անց Ֆորդը դառնում է ընկերության վերահսկող փաթեթի սեփականատերն ու ղեկավարը: «Մասնագետներն այնքան խելացի և փորձառու են, որ ամենուր տեսնում են հստակ սահմաններ ու խոչընդոտներ: Եթե ես ցանկանայի վերացնել մրցակիցներիս, նրանց կապահովեի մասնագետների մի մեծ բանակով»,-ասում էր նա:
 
Ֆորդի հաղթանակը "Т" մոդելի ներդրումն էր, որն ավտոմոբիլաշինության մեջ փոխեց բոլոր մոտեցումները: Նա ստեղծեց ոչ թե շքեղ խաղալիք ընտրյալների, այլ մատչելի ապրանք միջին կենսամակարդակ ունեցող հազարավոր ամերիկացիների համար: Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները. վաճառվեց "Т" մոդելի մոտ 15 միլիոն ավտոմեքենա:
 
Նա ստանդարտացրեց և միավորեց տեխնոլոգիական բոլոր գործընթացները՝ նոր համակարգն անվանելով մեքենայի «տեռոր»: Նա առաջինն էր, որ սահմանեց աշխատավարձի նվազագույն մակարդակ և 8 ժամյա աշխատանքային օր:
 
Ֆորդը գերադասում էր ինքնուրույն ձեռնարկել աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ համառորեն անտեսելով արհմիությունների ճնշումը, ինչն էլ հանգեցրեց նրանց հետ երկարատև հակամարտությունների: Ֆորդի նորարարություններից մեկն էլ 60 անձանցից կազմված սոցիոլոգիական ծառայության հիմնումն էր:
 
1930-ականներին սպառողների շրջանում պահանջարկի լուրջ փոփոխություններ նկատվեցին, իսկ Ֆորդը, հավատարիմ իր նախկին գաղափարներին, դա հաշվի չառավ՝ ավտոմոբիլաշինության առաջնային դիրքերը զիջելով "General Motors"-ին:
 
1945թ. ընկերության ղեկավարությունը հանձնեց անվանակից թոռանը (մինչ այդ ընկերությունը պաշտոնապես պատկանում էր որդուն): Ֆորդը կյանքից հեռացավ 1947թ. ապրիլի 7-ին 83 տարեկան հասակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: