Հանրագիտարան

Նահապետ Քուչակ

Հայ աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: Ծնվել է 1592թ.-ի մարտի 29-ին, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը, հայ առաջին աշուղ-երգիչներից է: Նրա մասին եղած ժողովորդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ:

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 

1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա.Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: