Հանրագիտարան

Պետրոս Մեծ

Ռուսական առաջին կայսր Պետրոս Մեծը (1672թ. հունիսի 9-1725թ. փետրվարի 8) բազմակողմանի կրթություն է ստացել տանը, տիրապետել է գերմաներենին, հոլանդերենին, անգլերենին, ֆրանսերենին, սովորել է նավաշինություն: Արտասահմանյան առաջին ուղևորության`   Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) անցել է հրետանային գիտությունների ամբողջական դասընթաց, Ամստերդամի նավաշինարաններում սովորել է հյուսնի արհեստ, իսկ Անգլիայում ավարտել է նավաշինության տեսական դասընթաց: Հանդիպումներ է ունեցել Գոտֆրիդ Լայբնիցի, Իսահակ Նյուտոնի և այլ գիտնականների հետ: 1717թ. ընտրվել է Փարիզի ԳԱ պատվավոր անդամ:
Պետրոս Մեծը բազմաթիվ բարեփոխումներ է արել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: 1714թ. ամրապնդել է հողի ազնվականական սեփականությունը, 1722թ. կարգավորել է զինվորական ու քաղաքացիական ծառայության մեջ աստիճանները շնորհելու կարգը:
 
Նրա օրոք ստեղծվել են բազմաթիվ մանուֆակտուրաներ և լեռնագործական ձեռնարկություններ, գունավոր մետաղների արդյունահանման սկիզբն է դրվել, հիմնվել են առևտրի և արդյունաբերության կոլեգիաներ: Բարեփոխել է նաև պետական կառավարման ոլորտը:
 
1703թ. Պետրոս Մեծը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգ քաղաքը, 1712թ. այն դարձրել է մայրաքաղաք, 1721թ. Ռուսաստանը հռչակել է կայսրություն: 1708-09թթ. ստեղծվել են վարչական նահանգները, որոնք 1719թ. բաժանվել են գավառների: 
 
Պետրոս Մեծը գլխավորել է բանակը Ազովյան (1695-96թթ.) արշավանքի, Հյուսիսային պատերազմի (1700-21թթ.) և Պարսկական արշավանքի (1722-23թթ.) ժամանակ: Ազովյան արշավանքի և Հյուսիսային պատերազմի շնորհիվ Ռուսաստանը դուրս է եկել Ազովի և Բալթիկ ծովեր: 
 
Պետրոս I-ը ռուսական կանոնավոր բանակի, ռազմածովային նավատորմի, ռազմական դպրոցի (պետրոսյան) հիմնադիրն է: Մշակել է Զինվորական (1716թ.) և Ծովային (1720թ.) կանոնադրությունները, ուժեղացրել հրետանին, ստեղծել նոր զորատեսակներ, խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը:
 
Նրա օրոք խոշոր բարեփոխումներ են իրականացվել մշակույթի և լուսավորության բնագավառում, հիմնվել են թնդանոթաձիգների դպրոցը (1699թ.), Ծովային ակադեմիան (1715թ.): 1719թ. բացվել է առաջին ռուսական թանգարանը`   Կունստկամերան:
 
Հրատարակվել են այբբենարաններ, ուսումնական ձեռնարկներ, քարտեզներ: 1700թ. մտցվել է նոր`   Հուլյան օրացույցը: 1703թ. լույս է տեսել ռուսական առաջին տպագիր լրագիրը`   «Վեդոմոստին», մշակվել է քաղաքացիական տառատեսակ (1708-10թթ.): 
 
Բարեփոխումները, սակայն, հիմնականում կատարվել են բռնի ուժով, որի հետևանքով բռնկվել են ապստամբություններ (1698թ.՝ Ստրելեցների, 1705-06թթ.՝ Աստրախանի, 1707-09թթ.՝ Բուլավինի և այլն): 1701թ. Իսրայել Օրին տեսակցել է Պետրոս I-ին, մշակել և նրան է ներկայացրել Հայաստանի ազատագրության իր «Մոսկովյան ծրագիրը», որը պետք է կենսագործվեր Հյուսիսային պատերազմից հետո:
 
Պետրոս I-ի Պարսկական արշավանքի ժամանակ հաշվի էր առնված նաև Օրու «Մոսկովյան ծրագիրը»: Պետրոս I-ի կառավարությունը կապեր է պահպանել Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, ջանացել Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտուրն ուղղորդել Ռուսաստան:
 
Այդ նպատակով 1711թ. վերահաստատել է մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին 1667թ.-ի առևտրական պայմանագրով: Հայ վաճառականության գործունեությունը Ռուսաստանում խրախուսելու նպատակով թարգմանչական դպրոցներում ուսանելու համար հավաքագրել են հայ երիտասարդների: 
 
1720-ական թվականների հայ ազգային-ազատագրական պայքարի շրջանում ստեղծված միջազգային անբարենպաստ կացության հետևանքով Պետրոս Մեծն ի վիճակի չի եղել աջակցելու Արցախի ու Սյունիքի հայ ապստամբներին, սակայն իր պատգամատար Իվան Կարապետին ուղարկել է հայերին հուսադրելու, ապստամբական ուժերն ի մի բերելու և թուրքական առաջխաղացումը կասեցնելու հորդորներով:
 
1724թ.-ի նոյեմբերին Պետրոս I-ը հրապարակել է հրովարտակ հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին: Պետրոս Մեծի կերպարն արտացոլվել է Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա», «Պղնձե հեծյալ» (պոեմներ), Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս Առաջին» (վեպ), Անդրեյ Պետրովի «Պետրոս Առաջին» (օպերա) և ուրիշների ստեղծագործություններում:
 
Նրա մասին նկարահանվել են տասնյակ ֆիլմեր: Պետրոս I-ը պարգևատրվել է Անդրեյ Նախավկայի (1703թ.), Սպիտակ արծվի (1712թ., Ռեչ Պոսպոլիտա), Փղի (1713թ., Դանիա) և այլ շքանշաններով: Սահմանվել են Պետրոս Մեծի 3 (I-III) աստիճանների շքանշաններ: Նրա պատկերով հատվել է մետաղադրամ (1720թ.), թողարկվել թղթադրամ (1898, 1912, 1997թթ.): 
 
Պետրոս I-ի անունով կոչվել են կղզի, ծովածոց, քաղաքներ, թանգարաններ, բուհեր, հիվանդանոցներ և այլն: Նրա պատվին Ռուսաստանում և Եվրոպայում կանգնեցվել են հուշարձաններ, որոնցից առավել հայտնի է «Պղնձե հեծյալը» Սանկտ Պետերբուրգում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: