Հանրագիտարան

Ռոմանոս Մելիքյան

Երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը ծնվել է 1883թ. հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում՝ այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, միջնակարգը՝ Նոր Նախիջևանում, ուր և սկսվում են նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում:

1900 թվականին աշակերտ Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի սբ. Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը: Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը մեծ դեր խաղաց Մելիքյանի հետագա կյանքում:

Դպրոցն ավարտելուց հետո (1902թ.) Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում, մշակում է ժողովրդական երգեր ու շարականներ:
 
1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա: Պարապմունքները և Մոսկվայի երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա երաժշտական տեսադաշտի ընդլայնման և գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում:
 
Մոսկվայում շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը: Ղեկավարում է Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն:
 
Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ուր նա Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ:
 
Ռ. Մելիքյանի մուտքը հայ երաժշտության ոլորտ արժանացել է ժամանակակիցների դրվատանքին: Նրա ստեղծագործությունը որակվել է որպես թարմ հոսանք: 1910-1914 թվականներին կատարելագործվելու ձգտումով Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում:
 
1921թ.-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան`   երաժշտական ստուդիա հիմնելու: Սովի, տնտեսական քայքայվածության, քիչ թե շատ կազմակերպված երաժշտական կյանքի բացակայության պայմաններում Մելիքյանը, ինչպես գրում է Ստ. Զորյանը, «կարճ ժամանակում ստուդիան դարձրեց ամենաօրինակելի հաստատությունը Երևանում՝ իր կահավորումով, մաքրությամբ, կարգապահությամբ»:
 
1923 թվականին ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի: Ելնելով ժամանակի պահանջներից՝ Մելիքյանը կարծում է, որ այդ հաստատությունը, լինելով հանրապետության միակ երաժշտական օջախը, պետք է իր վրա վերցնի լայն զանգվածների երաժշտական լուսավորության գործը և չբավարարվի միայն կադրեր պատրաստելով:
 
Նա եռանդուն մասնակցել է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Նա առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը:
 
Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակել է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928թ.), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»:
 
1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում կտրվեց կոմպոզիտորի կյանքի թելը: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանք:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: