Հանրագիտարան

Լյուդվիգ վան Բեթհովեն

Գերմանացի երգահան Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է 1770թ.-ի դեկտեմբերի 16-ին: Նրա պապը նվագել է ջութակ, եղել երգիչ և երգչախմբի ղեկավար, հայրը նույնպես երգել է, եղել որդու երաժշտության առաջին ուսուցիչը: Բեթհովենը վաղ տարիքից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ, ֆլեյտա:

1778թ. Քյոլնում առաջին անգամ հանդես է եկել համերգով: 1781թ.-ից աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, 12 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը:

 

1787թ. Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ`   Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789թ. փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792թ.-ից մշտապես բնակվել է Վիեննայում:

27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որը սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր՝ հարազատ մնալով «պայքարի միջոցով դեպի հաղթանակ» իր նշանաբանին:
 
Ոգեշնչվելով ֆրանսիական հեղափոխության գաղափարներով՝ նա գրել է հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան», որը նախապես նվիրել էր Նապոլեոնին: Սակայն լսելով վերջինիս կայսր հռչակվելու լուրը՝ պատռել է ընծայագիրը և սիմֆոնիան անվանել «Հերոսական»:
 
1802-12թթ.`   ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում,  Բեթհովենը գրել է Երկրորդից Ութերորդ սիմֆոնիաները, դաշնամուրի 4-րդ և 5-րդ կոնցերտները, ջութակի կոնցերտը, 5 կվարտետ, «Կրեյցերյան սոնատը», «Ավրորա», «Ապասիոնատ» դաշնամուրային սոնատները, «Ֆիդելիո» օպերան և սիմֆոնիկ նախերգանքներ:
 
1813-17թթ.-ին՝ ստեղծագործական նոր վերելքի շրջանում, Բեթհովենը գրել է իր գլուխգործոցը՝ «Իններորդ սիմֆոնիան»՝ առաջին անգամ այդ ժանրում օգտագործելով խմբերգը որպես վերջամաս: Սիմֆոնիան ամբողջացնում է ազատության և երջանկության համար մղվող պայքարի հերոսականությունը:
 
Առավել ճանաչված են նրա «Պաթետիկական սոնատը» ու «Լուսնի սոնատը»՝ լեցուն բուռն զգացմունքներով և պոռթկումներով: Բեթհովենի կամերային ստեղծագործությունները (դաշնամուրի 32 սոնատ, 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16 լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո) աչքի են ընկնում գեղարվեստական մտահղացումների բազմազանությամբ:
 
Նա ստեղծել է նաև գործիքային բազմաթիվ մանրանվագներ, երգեր և մշակել տարբեր ազգերի ժողովրդական երգեր: Հայ մտավորականությունը Բեթհովենի գործերին ծանոթացել է 1840-ական թվականներից: 1888թ. Թիֆլիսում լույս է տեսել Վասիլ Կորգանովի (Ղորղանյան)`   կոմպոզիտորի կյանքին և տեղծագործություններին նվիրված գրքույկը:
 
1911-12թթ. Ռուսաստանում Կոստանդին Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել են Բեթհովենի 9 սիմֆոնիաները, իսկ 1927թ. Հայաստանում առաջին անգամ հնչել է նրա Երրորդ սիմֆոնիան Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարությամբ: Մահացել է 1827թ. մարտի 26-ին Վիեննայում: Նրա թաղումը վերածվել է մեծ ցույցի, որին մասնակցել է շուրջ 20հզ. մարդ: Բոննում գործում է երաժշտի տուն-թանգարանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: