Հանրագիտարան

Արթուրո Տոսկանինի

XX դարի իտալացի խոշորագույն դիրիժոր Արթուրո Տոսկանինին ծնվել է 1867թ. մարտի 25-ին Իտալիայի Պարմ քաղաքում: Նրան անվանել են նաև «դիրիժորական փայտիկի արքա»: Արթուրո Տոսկանինին 9 տարեկանից սովորել է Պարմի արքայական երաժշտական դպրոցում՝ թավջութակի, դաշնամուրի և տեսության դասարաններում: 13 տարեկանում հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ թավջութակահար:

1885թ.-ին ավարտել է Պարմի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը, ընդունվել է իտալական օպերային շրջիկ թատերախումբ՝ որպես թավջութակահար, խմբավարի օգնական և հյուրախաղերով հանդես եկել Բրազիլիայում: 

Դիրիժորական առաջին ելույթը եղել է 1886թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում: Ղեկավարել է (առանց նոտաների՝ անգիր) Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: 1887-98թթ.-ին Տոսկանինին եղել է Իտալիայի մի շարք քաղաքների օպերային թատրոնների և սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր:
 
1892թ.-ին Միլանում ղեկավարել է Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ», 1896թ.-ին Թուրինում՝ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերաները, արժանացել է ճանաչման և փառքի: 1898թ.-ին Իտալիայում նրա ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել է Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան:
 
1898-1929թթ.-ին (ընդհատումներով) Տոսկանինին եղել է Միլանի «Լա Սկալա», 1898-1903թթ.-ին՝ Բուենոս Այրեսի (ձմեռային թատերաշրջանների), 1908-15թթ.-ին՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնների գլխավոր դիրիժոր:
 
1910թ.-ին Տոսկանինիի ղեկավարությամբ և Կարուզոյի մասնակցությամբ «Մետրոպոլիտենում» մեծ հաջողություն է ունեցել Ջ. Պուչչինիի «Աղջիկն Արևմուտքից» օպերայի բեմադրությունը (հանդիսատեսը Պուչչինիին 55 անգամ բեմ է հրավիրել): 1913թ.-ին Տոսկանինիի ղեկավարությամբ ԱՄՆ-ում բեմադրվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան:
 
Նույն թվականին Տոսկանինին Իտալիայում մասնակցել է Ջուզեպպե Վերդիի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին, «Լա Սկալա» օպերային թատրոնում բեմադրել է նրա «Տրավիատա», «Ֆալստաֆ» օպերաները:
 
Դիրիժորն աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ հաջողությամբ ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ժոզեֆ Հայդնի, Յոհաննես Բրամսի, Ջ. Վերդիի, Ռիխարդ Վագների, Դմիտրի Շոստակովիչի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
 
Ջ.Վերդիի թաղման արարողության ժամանակ ղեկավարել է 900-հոգանոց նվագախումբ: Տոսկանինիի դիրիժորական գործունեությունը տևել է շուրջ 70 տարի: Նրան բնորոշ էին կատարողական հախուռն խառնվածքը, բարձր վարպետությունը, երաժշտական երկի հստակ մատուցումը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: