Հանրագիտարան

Ղուկաս Չուբարյան

ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը հաստոցային, մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության անվանի ներկայացուցիչներից է: Նա հայ քանդակագործությունը հարստացրել է ստեղծագործական նոր եղանակներով ու պլաստիկ լուծումներով:

Ղուկաս Չուբարյանը 1942թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.՝ գեղարվեստի ինստիտուտը: 1950–55թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1968 թ-ից՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան, 1978 թ-ից՝ պրոֆեսոր), 1996–2009 թթ-ին Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորն էր: 

Չուբարյանն ստեղծել է բարձրարվեստ դիմաքանդակներ, արձաններ և մոնումենտալ այլ ստեղծագործություններ: Նա հոգեբանական խորությամբ և մեծ ընդհանրացումներով է կերտել ժամանակակիցների ու պատմական անձանց դիմաքանդակները. լավագույններից են «Անահիտ» (1952թ.), «Ասպետը» («Զոդողի գլուխը», 1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1967թ.), «Կոմիտաս» (1977թ.) և այլն: Չուբարյանը կերտել է նաև ֆիգուրատիվ հուշարձաններ ( «Հովհաննես Թումանյան», 1969թ., Դսեղ) և դիմաքանդակ-հուշարձաններ («Եղիշե Չարենց», 1957թ., «Հովհաննես Հովհաննիսյան», 1959թ., Վաղարշապատ, համահեղինակությամբ`   «Ալեքսանդր Սպենդիարյան», 1957թ., քանդակագործ՝ Արա Սարգսյան): 
 
Ճարտարապետության և քանդակագործության համադրման աչքի ընկնող նմուշներից են նրա՝ ՀՀ Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի շենքի դեկորատիվ քանդակները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները (1980թ.): Ուշագրավ է 1960–80-ական թվականներին Չուբարյանի ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը՝ «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960–80թթ.) և «Մխիթար Գոշ» (1967թ.) հուշարձանները, որոնք Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով: Քանդակագործի «Լույս իջնի վրադ» (1985թ.) հորինվածքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում (1941–45թթ.) զոհված զինվորների մայրերին:
 
Չուբարյանն ստեղծել է նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը (1994թ.) և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999թ., պետք է տեղադրվեր Էջմիածնի Մայր տաճարի տարածքում): 
 
Չուբարյանի գործերից պահվում են ՀԱՊ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) և արտասահմանյան այլ պատկերասրահներում:
 
Չուբարյանը 1988թ.-ից ՌԴ գեղարվեստի ակադեմիայի անդամ էր: Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: