Հանրագիտարան

Հովսեփ Օրբելի

Հովսեփ Աբգարի Օրբելին (1887-1961) հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ և արևելագետ է։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահն է եղել, իսկ 1934-51թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը։

1911 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Դեռևս ուսանողական տարիներին Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի:

 
1909 թ-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները: 1911 թ-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է ուղևորվել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական հուշարձաններ, կատարել պեղումներ: 1914 թ-ից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916 թ-ին Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. IXդ.) մեծածավալ սեպագիր արձանագրությունը: 1919 թ-ին եղել է Ռուսաստանի Լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար:
 
Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության Ռուսաստանի  ակադեմիայի հիմնադրմանը, 1919թ-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը: 1920 թ-ին Հովսեփ Օրբելին եղել է Էրմիտաժի ավանդապահը, 1926 թ-ին հիմնադրել ու գլխավորել է թանգարանի Արևելքի բաժինը: 1934–51 թթ-ին եղել է Էրմիտաժի տնօրենը, 1937–38 թթ-ին, միաժամանակ`   ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն, 1938 թ-ին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ: Հայրենական պատերազմի (1941–45) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստական արժեքների տեղափոխումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է Էրմիտաժի թանգարանային նմուշների պահպանությունը:
1946 թ-ին մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը`   որպես ֆաշիստական հանցագործների մեղադրող կողմի վկա: 1955–56 թթ-ին եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ-ին հիմնադրել և ցկյանս ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը: 
 
Գիտնականը նաև Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ էր (1944 թ.), Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1935 թ.), Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1945 թ.): 
Սանկտ Պետերբուրգում կանգնեցված է Հովսեփ Օրբելու կիսանդրին:
 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: