Հանրագիտարան

Պետրոս Ղափանցի

Նրա մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ, այն էլ կյանքի վերջին տարիների մասին: Նա սյունեցի է, ծնվել է 18-րդ դարի սկզբին, հավանաբար, Ղափանում: Եղած փաստերի համաձայն՝ 1753-1756թթ. եղել է Էջմիածնի միաբան: Նվիրակի պաշտոնով նրան ուղարկում են Ռումելի և Ղրիմ, ապա`   Պոլիս, Ադրիանապոլիս, Արմաշ:

1772 թվականին աշխատում է Ադրիանապոլսում`   որպես վերատեսուչ: 1780-ին ծեր հասակում նշանակվում է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ: Փաստեր կան, որ համագործակցել է Սիմեոն Ա Երևանցի ու Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ: Մահացել է 1784-ի մարտի 20-ին`   Նիկոմեդիա քաղաքում: 

Պետրոս Ղափանցու առանձին երգեր տարածելու գործում մեծ դեր ունեն նաև Վրթանես Փափազյանը, Արիստակես Տևկանցը, Միքայել Մինասարյանը, Թեոդիկը, Արշակ Չոպանյանը, Մկրտիչ Մկրյանը և այլք:
 
Պետրոս Ղափանցու գրական ժառանգությունը ներկայացնում են կրոնական-բարոյակրթական, խրատական, ազատասիրական, հայրենիքի և բնության (վարդի և սոխակի) քնարական հարյուր բանաստեղծություն, մեկ պոեմ, ավելի քան վաթսուն երկտող և քառասուն զանազան բովանդակության ստեղծագործություններ: 
 
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ 1722-ին, Պետրոս Ղափանցին հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն`   «Գրքոյկ կոչեցյալ Երգարան»: Այստեղ՝ երգչի բազմաբովանդակ բարոյագիտական բանաստեղծությունների մեջ, աչքի է ընկնում վարդին ու սոխակին, ազգին նվիրված, ժողովրդին ուղղված ազատախոհ, հայրենաբաղձ երգեր: 
 
Նույն թվին գրում է «դարձեալ առ ազգն իւր սիրելի» բանաստեղծությունը`   ուղղված ժողովրդին: Դա Պաղտասար Դպիրի «Ի նընջմանէդ արքայական» երգի բացահայտ արձագանքն է:
 
Պետրոս Ղափանցու գրական ժառանգության երկրորդ մասը երկտող և քառատող բանաստեղծություններն են:
 
Մեր անցյալի գրականությունից փոքրիկ բանաստեղծություններ շատ են հասել: Հայտնի է, որ առաջին բանաստեղծը Ներսես Շնորհալին է, որ թողել է այդ ժանրի մի խոշոր հավաքածու`   թվով շուրջ երեք հարյուր փոքրիկ բանաստեղծություններ, քառյակներ:
 
Պետրոս Ղափանցին նաև տաղաչափության, հանգի վարպետ է, այստեղ նրա կատարած դերը գրավոր գրաբարի բանաստեղծության մեջ նորարական է: Հատկապես բառախաղի, փակ, ներքին և վերջընթեր հանգերի արվեստը նրա մոտ հասնում է կատարելության: Այստեղ նա մրցակից կարող է լինել մի դեպքում Ներսես Շնորհալուն, մյուս դեպքում`   Սայաթ-Նովային:
 
Պետրոս Ղափանցին ձգտում է վերականգնել հայոց 10-14-րդ դարերի բանաստեղծության գաղափարախոսության և արվեստի կենսական գծերը, օգտվելով հին դասականից, ստեղծել նոր ժամանակների, նոր ոճի դասական բանաստեղծություն: 
 
Մահացել է 1784-ի մարտի 20-ին`   Նիկոմեդիա քաղաքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: