Հանրագիտարան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օր

1992թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման մասին պատմական որոշում: Այդ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օր:

Ազգային բանակի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր: Բայց քանի դեռ կանգուն էր ԽՍՀՄ կոչվող կայսրությունը, ազգապահպանման այդ կարևոր ձեռնարկը ամեն տեսակի խոչընդոտների էր հանդիպում: Դեռևս 1990 թվին էր պատրաստվել ազգային բանակ ստեղծելու որոշման նախագիծը, սակայն այն չէր իրագործվում:

 

Իրավիճակն Արցախում և Հայաստանի սահմաններին, սակայն, դառնում էր տագնապալի: Կոմունիստական վարչակարգը, ամեն ինչով օժանդակելով  ադրբեջանական հրոսակախմբերին, ձգտում էր լռեցնել արդարության ձայնը, խեղդել ազատագրական շարժումը:

Անելանելի վիճակից դուրս գալու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվեց Հատուկ գունդ, որում ընդգրկվեցին բոլոր շրջանների երկրապահ կամավորական ջոկատների ներկայացուցիչները:
 
Հատուկ գունդը պատմական կարևոր նշանակության դեր կատարեց Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության, երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ: Իսկ երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ վերակենդանացման ջանքերն ապարդյուն են, իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության կառավարությունն ազգային բանակ ստեղծելու որոշում կայացրեց:
 
Պատերազմը շարունակվում էր: Երկրապահ կամավորականներն անձնազոհաբար պաշտպանում էին հայրենիքը: Նրանք, իրենց ուսերին վերցնելով թշնամուն դիմակայելու, Արցախն ազատագրելու սուրբ պարտականությունը, հնարավորություն ստեղծեցին կազմավորելու ազգային բանակի առաջին ստորոբաժանումները:
 
Ստեղծվող զորամասերի զինվորներին անհրաժեշտ էր հանդերձավորել, կերակրել, զինել և մարզել: Բազում էին դժվարությունները, որոնք հաղթահարվեցին մեր ժողովրդի համբերության, տոկունության, հայության բոլոր հատվածների հավաքական ուժի շնորհիվ:
 
Միևնույն ժամանակ Արցախին տիրելու համար Ադրբեջանի մեկը մյուսին հաջորդող ռազմարշավները մեզ պարտադրում էին արագ կատարելագործել մեր զորամասերի ունակություններն ու հնարավորությունները, ձեռք բերել համապատասխան ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ հենց ռազմադաշտից:
 
Խաղաղ պայմաններում բանակաշինությունը նոր թափ ստացավ: Արդեն 1995թ. ամռանը կայացած հայ-ռուսական առաջին համատեղ զորավարժությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերում բարձր է մարտունակությունը, և նրանք կարող են համարվել հուսալի գործընկեր:
 
Հետագա տարիներին, շարունակելով ընթանալ կատարելագործման ուղիով, մեր երկիրը հաջողությամբ լուծեց բանակին առաջադրվող բոլոր պահանջները սպառազինության մասնագետ կադրերի պատրաստման, թիկունքային ծառայության ամրապնդման, բուժսպասարկման որակի բարձրացման, ռազմական ուսուցման, զորանոցաշինության և այլ բնագավառներում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: