Հանրագիտարան

Արամ Մանուկյան

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`   ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ) : Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է եղել:

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը`   1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:

1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը: Վասպուրականում նա ամեն ինչ էր`   և´ դպրոց, և´ մամուլ, և´ ազգային հաստատություններ, և´ երիտասարդական շրջաններ, և´ հարաբերություններ կառավարության հետ և այլն:
 
Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ`   թե հակառակորդների, թե կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան:
 
1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր:
 
Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.
«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»:
 
Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918թ.-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:
 
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս`   1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր : Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից: Արամ Մանուկյանը վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդը նրան ձոնել է երգեր:                                  
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: