Հանրագիտարան

Օհմ Գեորգ Սիմոն

Գեորգ Օհմը ծնվել է 1789թ. մարտի 16-ին: 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում:

Գեորգ Օհմը 1833թ-ից եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:

 

Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է «էլեկտրաշարժ ուժ», «լարման անկում» և «հաղորդականություն» հասկացությունները:

 

Առաջարկել է ձայնի բարդ կազմության գաղափարը և ցույց տվել, որ պարզագույն լսողական զգացողություն են առաջացնում միայն ներդաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում է բարդ հնչյուններից (Օհմի ձայնագիտական օրենք):

 

Միավորների միջազգային համակարգում Օհմ (Օ) է կոչվում էլեկտրական դիմադրության միավորը: 1 Օ (Օհմ)-ը էլեկտրական շղթայի այն տեղամասի դիմադրությունն է, որի ծայրին, 1 Ա հոսանքի ուժի դեպքում, առաջանում է 1 Վ լարում (1Օ=1Վ/Ա):

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: