Հանրագիտարան

Մենդելեևի պարբերական աղյուսակ

Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ: Այս համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի:

Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում է ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: 

Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը:
 
Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (Ա) և երկրորդական (Բ): Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը:
 
Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:
 
Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է: Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից: I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, IV, V, VI և VII-ը՝ մեծ: Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով:
 
II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպիկ տարրեր: Դրանց հատկությունները տիպիկ մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն: Համակարգը բաղկացած է 10 շարքից: Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, մեծ պարբերությունները`   2-ական շարքերից՝ զույգ և կենտ:
 
Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի՝ տարրերի օքսիդացման աստիճանն է: Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից:
 
VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված է 14 տարր՝ 58-71 կարգաթվերով, որոնց անվանում են լանթանոիդներ (լանթանանմաններ): Դրանց քիմիական հատկություններն իրար շատ նման են:
 
VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված է 14 տարր՝ 90-103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ): Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված:
 
Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանշերով (* և **):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: