Հանրագիտարան

Պիեռ Լապլաս

Ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասը (ֆր.՝ Pierre-Simon Laplace) ծնվել է 1749թ. մարտի 23-ին Բոմոն ան Օժ Նորմանդիայում:

Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ: 1771թ.-ին նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790թ.-ին՝ Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական համակարգի ներդրման աշխատանքները: Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ:

 

Մաթեմատիկայում Լապլասն ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը: Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները:
 
Լապլասի`   ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության, օպտիկայի տարբեր հարցերին: Նա մշակել է մազականության տեսությունը, տվել մազականության ճնշումը որոշելու բանաձև (Լապլասի բանաձև), ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը: 
 
Քիմիկոս Ա. Լավուազեի հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները: Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին:
 
Լապլասի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա և աստղակերպ՝ N 4628: Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի 1-ին հարկում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: