Հանրագիտարան

Էնրիկո Կարուզո

Իտալացի նշանավոր օպերային երգիչ Էնրիկո Կարուզոն (իտալերեն՝ Enrico Caruso; 25 փետրվարի 1873թ., Նեապոլ - 2 օգոստոսի 1921թ., Նեապոլ) մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում: 1891թ. սովորել է հայտնի երաժիշտ Գ. Վերջինիի երգի դպրոցում: Առաջին ելույթը կայացել է 1894 թ. Նեապոլի «Նուովո» թատրոնում: 1895-1897թթ. Կարուզոն հանդես է եկել նաև Պալերմոյի, Լիվորնոյի և այլ քաղաքների օպերային թատրոններում:

1897թ. նա հրավիրվել է Միլան: Լորիսի (Ումբերտո Ջորդանո, «Թեոդորա») և այլ դերերգերով հանդես է եկել «Լիրիկո» թատրոնում: 1898թ.-ից Կարուզոն մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել խոշորագույն օպերային թատրոններում (Բուենոս Այրես, Լոնդոն, Լիսաբոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա և այլուր):

 

Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ ելույթ է ունեցել 1900թ. Ռուդոլֆի դերերգով (Ջակոմո Պուչչինի, «Բոհեմ») Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ: 1903-1920թթ. Կարուզոն եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի մեներգիչ: Հյուրախաղերով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում:

 

Կարուզոյի վերջին ելույթը եղել է հենց Մետրոպոլիտենում: Հանդես է եկել Էլեազարի դերերգով (Ֆրոմանտալ Հալևիի «Կարդինալի դուստրը» օպերայում) 1920 թվականին: Կարուզոյի լավագույն դերերգերից են Հերցոգ, Մանրիկո, Ռադամես (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Աիդա»), Կանիո (Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»), Տուրիդու (Պիետրո Մասկանիի «Գեղջկական պատիվ»), Խոսե (Ժորժ Բիզեի «Կարմեն») և այլն:

 

Կարուզոն հանդես է եկել նաև համերգներով, որոնց ծրագրում ընդգրկված են եղել եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ, հայրենասիրական երգեր և այլն: Նշանավոր են նեապոլյան երգերի նրա կատարումները: Կարուզոն գրել է երգեր, նվագել դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, շեփոր, ստեղծել է նաև բազմաթիվ ծաղրանկարներ: Նա առաջին երգիչն է, ում կատարումները ձայնագրվել են ձայնասկավառակի վրա:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: