Հանրագիտարան

Իվան Պավլով

Ռուս ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Իվան Պավլովը (սեպտեմբերի 14, 1849 – փետրվարի 27, 1936) 1875թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879թ.՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան:

Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ: 1884–86թթ. կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890թ. ընտրվել Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թ-ից`   ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը: 

 

Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը: Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ  եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը:
 
Նա առաջինն է  (1883 թ.) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, ինչը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը: 1897թ. ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
 
Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը: Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան: Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ:
 
Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը: 1935թ. ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար:
 
Պավլովը 1907թ.-ից Սանկտ Պետերբուրգի, այնուհետև`   ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ: 
 
Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները:
1934թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949թ.՝ ոսկե մեդալ:
Պավլովին աշակերտել են հայ գիտնականներ Լ. Օրբելին, Է. Հասրաթյանը և ուրիշներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: