Հանրագիտարան

Ջորջ Վաշինգտոն

Քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ծնվելով հողատիրոջ ընտանիքում (1732թ. փետրվարի 22), կրթությունն ստացել է տանը, հետագայում զբաղվել ինքնակրթությամբ: 1752թ. ժառանգել է մեծ կալվածք Մաունթ Վեռնոնում: Նույն թվականին որպես աշխարհազորային մասնակցել է ֆրանսիացիների և հնդկացիների դեմ սկսված մարտական գործողություններին: 1758թ. պաշտոնաթող է եղել գնդապետի կոչումով:

1758-1774թթ. ընտրվել է Վիրջինիայի Սահմանադրական ժողովի, 1774 թ.՝  Առաջին, իսկ 1775թ.՝ Երկրորդ մայրցամաքային Կոնգրեսի անդամ: Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմում (1775-1783 թթ.) ընտրվել է ամերիկյան զինված ուժերի գլխավոր հրամանատար: Զորավարի ու կազմակերպչի մեծ տաղանդի շնորհիվ ապահովել է անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը:

 

Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց:
 
1794թ. ճնշել է նաև «սպիրտային խռովությունը», երբ վիսկի արտադրողները հրաժարվել են հարկ վճարելուց և ապստամբել են: Վաշինգտոնն ամրապնդել է Անկախության պատերազմի ձեռքբերումները և  ամերիկյան պետության հիմքերը, արմատավորել է սահմանադրության դրույթները, պարբերաբար ելույթներ է ունեցել ստրկությունը վերացնելու օգտին, դրել ԱՄՆ-ի քաղաքական կառույցի հիմքերը:
 
Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի`   դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:
 
1888թ. ԱՄՆ-ի մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում գործում է նրա տուն-թանգարանը: 1976թ. ԱՄՆ-ի հիմնադրման 200-ամյակի առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսը Ջորջ Վաշինգտոնին հետմահու շնորհել է Միացյալ Նահանգների բանակի գեներալի կոչում: ԱՄՆ-ի 1 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: