Հանրագիտարան

Լուսին Ամարա

Ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարան (Թագուհի Արմաղանյան) ծնվել է 1927թ.-ի փետրվարի 1-ին, սովորել Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:

1948թ. Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակը: 1940-1949թթ. երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում: 1950թ. ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»:

 

Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն:

 

Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Լե, լե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն: 
 
Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում: Նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում: 1965 և 1991թթ. Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում: Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Ստեռնն անվանել է Երգող ջութակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: