Հանրագիտարան

Ժյուլ Մասնե

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեն ծնվել է 1842թ.-ի մայիսի 12-ին Մոնտո քաղաքում: 6 տարեկանում ընտանիքը տեղափոխվել է Փարիզ: 11 տարեկանում Մասնեն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Վաղ հասակում ապրուստի միջոցներ վաստակելու համար շուրջ 6 տարի նվագել է լիտավր և այլ հարվածային գործիքներ Լիրիկ թատրոնի նվագախմբում:

1863թ. ստացել է Հռոմեական մրցանակ, որից հետո 3 տարի վերապատրաստում անցել Հռոմում: Այնտեղ նա ծանոթացել է Լիստի հետ: Մասնեի առաջին օպերան է եղել «Խորթ տատիկ»-ը: 1870-1871թթ. Մասնեն մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին:

 

1878թ.-ից Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել: 1876թ. ստացել է Պատվո լեգիոնի կոչում: Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ: 

 

Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադա» (Hérodiade, 1881թ.) «Մանոն» (Manon, 1884թ.), «Սիդ» (Le Cid, 1885թ.), «Վերտեր» (1892թ.), «Թայիս» (1894թ.), «Դոն Կիխոտ» (1910թ., գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆյոդոր Շալյապինի համար) օպերաները: 
 
Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին: Մասնեն մահացել է 1912թ.-ի օգոստոսի 13-ին Փարիզում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: