Հանրագիտարան

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր...»,- նշել է Միլիտոնյանը:
Բանաստեղծը նշել է նաև, որ Խորհրդային տարիներին էլ կար ծայրահեղություն, երբ մարդիկ իրենց տներում գրադարաններ էին ստեղծում և հաճախ չէին կարդում ունեցած գրքերը: Անկախության տարիներին գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, սակայն այսօր այն վերականգնվում է: Նրա գնահատմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հայ ժամանակակից գրողների շրջանում չկան արժանի ստեղծագործություններ:
 
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն,  յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
 
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝  փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: