Հանրագիտարան

Ալեքսանդր Երիցյան

19-րդ դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թթ. հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։

Արխիվային վավերագրերի ու փաստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները, Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։

Նա վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին՝ 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանն ուներ մեկ որդի, ով այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, ինչպես տեղեկացնում է «Մշակ»-ի 1902 թ. փետրվարի 26-ի համարը, «Մեծ բազմութիւն հաւաքվել էր Վանքի եկեղեցում և գաւթում՝ հանգուցեալի գրական և անձնական յարգողներից և բարեկամներից։ Ներկա էին բոլոր պարբերական հրատարակությունների խմբագիրները կամ ներկայացուցիչները։ Օտարական հուղարկաւորողների մէջ մենք նկատեցինք Սուլթան Կրիմ-Գիրէյին, գեներալ Պօտտօին, Վեյդենբաումին. վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը, որ հոգեհանգստին էլ ներկա էր շաբաթ երեկոյ՝ եկել էր նաև եկեղեցի, որին պատուով ընդունեցին և դասը հրաւիրեցին կանգնելու։ Պատարագի ժամանակ եկաւ և Վեհափառ Կաթողիկոսը, որ բանախոսություն անելով Ալ. Երիցյանի հիշատակին՝ մատնանիշ եղավ հայ գրագետների անապահով նիւթական դրության վրա»։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև հանգուցյալին հարգանքի տուրքը մատուցելու եկած վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը՝ Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: