Հանրագիտարան

Ռուբեն Սևակ

Հայ գրող և բժիշկ Ռուբեն Սևակը (փետրվարի 15, 1885թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ) – օգոստոսի 26, 1915թ.) սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև Պարտիզակի վարժարանում (մինչև 1901թ.–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905թ.), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911թ.)։ 1911-14թթ.–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։

Ռուբեն Սևակն իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանն սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակն իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ արեց`   ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

 

1909թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
 
Այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ`   «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը», այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
 
1915թ.-ին նա վերադարձավ Պոլիս, ձերբակալվեց և աքսորի ճանապարհին նահատակվեց այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել կյանքը։
 
Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել, սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…
 
Երևանում գործում է Ռուբեն Սևակի անվան դպրոց։ Ֆրանսիայի Նից քաղաքում գտնվում է Ռուբեն Սևակի Հիշատակի տունը, որը հիմնադրվել է Հովհաննես Չիլինկիրյանի՝ Ռուբեն Սևակի եղբոր որդու հովանավորությամբ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: