Հանրագիտարան

Ժյուլ Վեռն

Ֆրանսիացի գրող և աշխարհագետ Ժյուլ Վեռնը գիտաֆանտաստիկ վեպի սկզբնավորողներից է: Ծնվել է 1828թ. փետրվարի 8-ին: Սովորել է Փարիզի համալսարանում, ստացել իրավաբանի մասնագիտություն: 1851-1854թթ. եղել է «Քնարական թատրոնի» տնօրենի քարտուղարը, 1856-1864թթ.՝ ֆինանսական գործակալը:

Գրական գործունեությունն սկսել է 1849թ., գրել է պիեսներ: 1863թ. լույս է ընծայել «Հինգ շաբաթ օդապարիկով» առաջին վեպը, ապա «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը» (1864թ.), «Երկրից դեպի լուսին» (1865թ.), «Նավապետ Գրանտի զավակները» (1867-1868թթ.), «Լուսնի շուրջը» (1869թ.) և այլ գիտաֆանտաստիկ ու արկածային վեպեր, վիպակներ, պատմվածքներ, որոնք հարուստ են անհավանական հրաշքներով, մոլորակի և տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտական ռոմանտիկայով:

 
Նրա հերոսները վեհանձն, համարձակ, խիզախ ու ազնվասիրտ մարդիկ են, հավատում են բարու հաղթանակին և պայքարում են բռնության ու ազգային ճնշման դեմ: Վեռնը համակրել է ուտոպիստ սոցիալիստներին և Փարիզի կոմունայի (1871թ.) գործիչներին: Գրել է նաև աշխարհագրությանը և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը վերաբերող աշխատություններ:
 
«Բեգումի 500 միլիոնը» (1879թ.), «Ուղղությունը՝ դեպի դրոշը» (1896թ.), «Աշխարհի տիրակալը» (1904թ.) վեպերում պատկերել է համաշխարհային տիրապետության ձգտող մարդատյաց և գիտության նվաճումները հանցավոր նպատակներով օգտագործող բռնակալների կամակատար գիտնականների կերպարներ:
 
Վեռնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են կինոնկարներ («Խորհրդավոր կղզին», 1902-2005թթ.-ին 12 անգամ, «20 000 մղոն ջրի տակ», 1907-2007թթ. 8 անգամ, «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը», 1907-2008թթ. 8 անգամ ևն):
 
Վեռնի առավել նշանավոր ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Ամալյա Ղուկասյանը, Վահան Վարդանյանը և ուրիշներ: Վեռնի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա, Եվրոպայի տիեզերական գործակալության առաջին բեռնատար տիեզերանավը: Մահացել է 1905թ.-ի մարտի 24-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: