Հանրագիտարան

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը (հունվարի 27, 1756թ., Զալցբուրգ - դեկտեմբերի 5, 1791թ., Վիեննա) վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5-6-ից՝ ստեղծագործել: 1762թ.-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ: Մոցարտին անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»:
Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ: Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում: 
 
Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11-12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770թ.-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, կոմպոզիցիայի դասեր առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովանի Մարտինիից:
 
1770թ.-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում: Մոցարտը 1769-77թ.-ին Զալցբուրգում  եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779թ.-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781թ.-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված  պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը:
 
Կյանքի վերջին տարիներին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր: Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը:
 
Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն:
 
Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում: «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմ»-ն է, որը կոմպոզիտորի ցանկությամբ պետք է հնչեր իր հոգեհանգստին:
 
Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները:
 
1923թ.-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925թ.-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում):
 
Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: