Հանրագիտարան

Ֆեդերիկո Ֆելինի

Աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին (1920թ. հունվարի 20, Ռիմինի - 1993թ. հոկտեմբերի 31) իր արվեստով արմատապես վերաիմաստավորել է նեոռեալիզմի սկզբունքները, մեծապես ազդել համաշխարհային կինոյի զարգացման վրա, նախանշել իտալական կինոյի զարգացման ուղիները:
Ֆեդերիկո Ֆելինին 1937թ. Ֆլորենցիայում, 1938-42թթ. Հռոմում որպես ծաղրանկարիչ աշխատակցել է պատկերազարդ ամսագրերին, «Մարկոս Ավրելիոս» հակաֆաշիստական ամսագրում տպագրել է 700 ծաղրանկար: 1943թ.-ից գրել է ռադիոհաղորդումների տեքստեր, որոնք նաև նկարահանել է: Կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսելինիի հրավերով մասնակցել է նրա մի քանի ֆիլմերի («Հռոմը`   բաց քաղաք», 1945թ., «Պայզա», 1946թ. և այլն) ստեղծմանը: 
 
Ֆելինիի առաջին ինքնուրույն կինոնկարը «Սպիտակ շեյխ»-ն է (1952թ.), սակայն համաշխարհային ճանաչման է արժանացել «Ճանապարհ»  ֆիլմով, որտեղ արտահայտել է մարդասիրության, փոխըմբռնման ու բարության թեման: Ռեժիսորը նույն գաղափարներն է արծարծել նաև «Կաբիրիայի գիշերները» (1956թ.) կինոնկարում, որտեղ փնտրում է չարի և բարու հավերժական պայքարի խորհրդավոր իմաստը: 
 
Ֆելինիի ստեղծագործության բարձրակետը «Քաղցր կյանք» (1959թ., Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ) կինոնկարն է, որտեղ հեղինակը ցույց է տալիս, թե որքան դատարկ ու անիմաստ է կյանքը, երբ մարդիկ միայնակ են և օտարացած միմյանցից: «Ութ ու կես» (1962թ., «Օսկար», Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ) ֆիլմում Ֆելինին քննադատել է բուրժուական հասարակության արատները, որոնք հագեցած են ճշմարտության տառապագին որոնումներով:
 
Ֆելինիի ստեղծագործությանը բնորոշ ֆանտաստիկ ռեալիզմը ցայտուն կերպով դրսևորվել է «Սատիրիկոն» (1969 թ.), «Նվագախմբի փորձը» (1979թ.), «Իսկ նավը լողում է...» (1983թ.) ֆիլմերում: Նա գեղարվեստափիլիսոփայական, բարոյաքաղաքական պրպտումների նյութ է դարձրել իր կյանքի հուշերը, անձամբ վերապրածը`   «Մայրիկի բալաները» (1953թ., Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ), «Հռոմ» (1972թ.), «Ամարկորդ» («Ես հիշում եմ», 1974թ., «Օսկար» մրցանակ) և այլն:
 
Ֆելինին նկարահանել է նաև «Խաբեբաները» (1955թ.), «Դոկտոր Անտոնիոյի գայթակղությունը» (1962թ.), «Ջուլիետան և ոգիները» (1965թ., «Ոսկե գլոբուս» մրցանակ), «Ծաղրածուները» (1970թ., հեռուստաֆիլմ), «Կազանովա» (1976թ.), «Կանանց քաղաքը» (1980թ.), «Ջինջերը և Ֆրեդը» (1986թ.), «Հարցազրույց» (1987թ.), «Լուսնի ձայները» (1990թ.) և այլ ֆիլմեր: 
 
Ֆելինիի ստեղծագործությունը հակասական է, արտահայտչալեզուն ցայտուն է, գյուտերով հարուստ և ինքնատիպ: Կինոյում ունեցած ներդրման համար Ֆելինին արժանացել է հատուկ «Օսկարի» (1993թ.): Ֆելինիի անունով է կոչվել Ռիմինիի օդանավակայանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: