Հանրագիտարան

Մաո Ցզեդուն

Մաո Ցզեդունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և մաոականության հիմնադիրն է, չին պետական և քաղաքական գործիչ:

Մաո Ցզեդունը (չինարեն է. նշանակում է բարերար արևելք) ստացել է չինական դասական կրթություն, այնուհետև ավարտել է Չանշա քաղաքի ուսումնարանը: Կուսակցական գործունեությունն սկսել է 1917 թ-ից: 1928 թ-ին, երբ կոմունիստները հաստատվել են Ցզյանսի նահանգում, Մաոն նշանակվել է Չինաստանի կարմիր բանակի IV կորպուսի քաղաքական կոմիսար, Ցզյանսիում ստեղծել է խորհրդային հանրապետություն: 1931 թ-ի աշնանը Կենտրոնական Չինաստանի 10 խորհրդային շրջանների միավորումով կազմավորվել է Չինական Խորհրդային Հանրապետությունը, որի կառավարության նախագահ է ընտրվել Մաո Ցզեդունը: 1933 թ-ից դարձել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի (ՉԿԿ ԿԿ) քաղբյուրոյի, 1935 թ-ից՝ նաև ՉԿԿ ԿԿ քարտուղարության անդամ: 

Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45 թթ.) Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո (1937 թ-ին Ճապոնիան նվաճել էր Չինաստանը) իշխանությունը երկրում կրկին անցել է Գոմինդանին (Ազգային ժողովրդական կուսակցություն), որն իշխում էր 1929 թ-ից՝ Չան Կայշիի գլխավորությամբ: Սակայն 1947 թ-ին սրվել են հարաբերությունները Գոմինդանի և կոմունիստների միջև. վերջիններիս հաջողվել է Չան Կայշիին երկրից հեռացնել և 1949 թ-ին հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)`   ՉԿԿ-ի գլխավորությամբ, որի կենտկոմի նախագահը Մաոն էր (1943 թ-ից): 1953–59 թթ-ին Մաո Ցզեդունը եղել է նաև ՉԺՀ նախագահը:
 
1950 թ-ի փետրվարին Մաո Ցզեդունը Իոսիֆ Ստալինի հետ կնքել է Ռուս-չինական փոխօգնության համաձայնագիր:
1956 թ-ին ՉԿԿ VIII համագումարը երկրում գլխավոր քաղաքական ուղղություն է հռչակել սոցիալիզմի կառուցումը: Մաոն նախաձեռնել է այսպես կոչված «Մեծ թռիչքի» (1958–60 թթ.) և «Մշակութային հեղափոխության» (1966–75 թթ.) ծրագրերը, որոնք ոչ միայն ձախողվել են, այլև հսկայական վնաս են պատճառել երկրի զարգացմանը. դրանք քննադատվել են Մաոյի մահվանից հետո: 
 
Մաոն ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովից (1955–64 թթ.) պահանջել է օգնել «երրորդ աշխարհի» երկրներին՝ ազգային-ազատագրական պատերազմներում և քաղաքական ու ռազմական ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա: Սակայն Խրուշչովը մերժել է, հետ է կանչել տնտեսության վերականգնման համար Չինաստան ուղարկված մասնագետներին և դադարեցրել ֆինանսական օգնությունը:
 
Այնուհանդերձ, 1959 թ-ից ձևավորվել է Մաո Ցզեդունի անձի պաշտամունքը. միլիոնավոր օրինակներով տպագրվել է նրա թեզերի ժողովածուն և բաժանվել ժողովրդին: Այդ տարիներին Մաո Ցզեդունի առաջադրած գաղափարատեսական դրույթները մեկնաբանվել են որպես մարքսիզմ-լենինիզմի ստեղծագործական զարգացում: 
 
ՉԿԿ IX համագումարում (1969 թ.) Մաոյին հռչակել են ցմահ առաջնորդ, իսկ X (1973 թ.) և XI (1977 թ.) համագումարներում «Մաո Ցզեդունի գաղափարները»՝ մաոականությունը, հայտարարել են ՉԿԿ պետական գաղափարախոսության հիմք:
 
Մաո Ցզեդունի դամբարանը Պեկինի կենտրոնական հրապարակում է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: