Հանրագիտարան

Զորի Բալայան

Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը ծնվել է 1935թ.-ի փետրվարի 10-ին Ստեփանակերտում։ 1953-1957թթ.-ին ծառայել է բալթյան նավատորմում:

1963թ.-ին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1973թթ.-ին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967թ.-ին իր երկու ընկերների հետ «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն: 

 
1970թ.-ին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973թ.-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: 1973-1975թթ.-ին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան): Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 
Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է անցած դարի 60-70-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային:
 
Եղել է 1988թ. ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-91թթ. Մ. Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բ. Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը և այլն։
 
1989-92թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990թ. Սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականույունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։
 
1992-95թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992- 94թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշնակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը:
 
Բայց այս ամենով հանդերձ՝ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը: 
 
ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիությենական գրական մրցանակների դափնեկիր է։ 2006թ. Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: