Հանրագիտարան

Սուրեն Այվազյան

Հայ արձակագիր Սուրեն Այվազյանը ծնվել է 1915թ. Գորիսի Խնձորեսկ գյուղում: Վաղ հասակից զրկվել է հորից: Դժվար մանկություն է ապրել: 1931-34թթ. սովորել ու ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: Մի քանի տարի մանկավարժական աշխատանք է կատարել Խնածախ և Տեղ գյուղերում: Այնուհետև աշխատել է Կապանում: 1939-42թթ. սովորել է Բաքվի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում:

1942թ. կրկին աշխատել է Կապանում, որտեղից էլ զորակոչվել է բանակ: 1942-45թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Հյուսիսային Կովկասում`   57-րդ և 34-րդ հրաձգային բրիգադների գումարտակի շտաբի քաղմասում: Զորացրվելուց հետո վերադարձել է Կապան, աշխատել Քաջարանի լեռնարդյունաբերական կոմբինատում, ապա մեկնել է Բաքու, որտեղ աշխատել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի խմբագրությունում: 1953թ. հրավիրվել է Երևան: 

 

1976թ. հոկտեմբերի 10-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների Կապանի շրջանային խորհրդի հիմնադիր ժողովին, որտեղ իր ելույթում ասել է. «Ես ինձ համարում եմ Կապանի վետերանների խորհրդի անդամ, ես բանակ զորակոչվել եմ Կապանից, 1945թ. զորացրվել և վերադարձել եմ Կապան և աշխատել Կապանում»: Սուրեն Այվազյանը հաճախ էր այցելում Կապան և մասնակցում կապանցի գրողների ստեղծագործությունների քննարկման և Կապանի վետերանների խորհրդի աշխատանքներին:

 

Տաղանդավոր արձակագրի գրչին են պատկանում պատմվածքների մի քանի ժողովածուներ («Անավարտ գորգը», «Խորաձորցիք», «Խիղճը»), վիպակներ, վեպեր`   «Լեռնցիներ», «Խնձորեսկ», «Բարի առավոտ», «Տուր ձեռքդ, կյանք», «Գարունը ձյուների տակ» և «Ճակատագիրը հայոց», «Առավոտ լուսո» պատմական վեպերը: Անվանի գրողի վերջին ստեղծագործությունը «Ասուր, հեյ Ասուր» ինքնակենսագրական վիպակն է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: