Հանրագիտարան

Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի 3-րդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինն արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1972-1978թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, 1978-1985թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985թ.-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ 

Տիրապետում է հայերենի, ռուսերենի, ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի, արաբերենի, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատության, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ 
 
Կիլիկյան շրջանին վերաբերող «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 և 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության և Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դրել։
 
2006թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (198թ.), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.) անդամ է։
 
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ականներից, 1966թ.-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988թ.-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։
 
Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։
 
Եղել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։
 
Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-1995թթ.-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստն արժանացել ԳԽ-ի հավանությանը և 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: