Հանրագիտարան

Հովհաննես Չեքիջյան

Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին: Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից դաշնամուր է նվագել: Սովորել է Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.`   ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում:

Չեքիջյանը 1944-1951թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբերը: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

 

1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը: 1962թ. երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը: 

 

Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել:
 
Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: