Հանրագիտարան

Շառլ Պերրո

Ֆրանսիացի գրող, բազմաթիվ հանրաճանաչ հեքիաթների հեղինակ Շառլ Պերրոն (1628-1703թթ.) ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ էին։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ էր, մյուսը`   գիտնական, իսկ ինքը արքունական շինությունների ճարտարապետն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Ստեղծագործելու տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալվել անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պերրոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա՝ ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։

 

Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։ Պերրոն հայր դարձավ բավականին մեծ տարիքում։ Մինչ այդ, նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։

 

1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվում է հեքիաթների ժողովածուն, Շառլ Պերրոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին`   17։ Այդ օրվանից սկսած՝ չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ գրվել է նրա որդու անունը։

 

Հեքիաթներն ունեն բարոյախրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են այդպիսի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց՝ նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար կերպարներով։ Պերրոյի հերոսներն ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։

 

Պերրոյի հեքիաթները երեխաներին հմայում են իրենց գեղեցիկ ձևավորված հրատարակություններով։ Դրանց անդրադարձել են նաև հայտնի կոմպոզիտորներ Պրոկոֆևը («Մոխրոտը» բալետը), Չայկովսկին («Քնած գեղեցկուհին» բալետ) և այլք:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: