Հանրագիտարան

Արշակ Բուրջալյան

Հայ թատերական արվեստի հիմնադիրներից մեկը`   Արշակ Բուրջալյանը, ծնվել է 1880թ.-ի հունվարի 7-ին Աստրախանում: Նրա պապն ամբողջ մարզում հռչակված գինեգործ էր, իսկ հայրը՝ Սարգիս Բուրջալյանը, 19-րդ դարի կեսերին տեղափոխվում է Մոսկվա, զբաղվում առևտրով՝ լինելով թատրոնի մոլի սիրահար:

1859թ.-ից սկսած նա ակտիվ մասնակցում է մոսկովյան հայ ուսանողերի խմբակի բեմադրություններում: Բուրջալյանի ավագ որդին՝ Գևորգը, շուտով դառնում է ռուսական թատրոնի հայտնի գործիչ, Կ. Ստանիսլավսկու մտերիմ բարեկամն ու համախոհը, ով հաճախ էր լինում Բուրջալյանի տանը:

 

Ավարտելով Աստրախանի ռեալական ուսումնարանը՝ Բուրջալյանը ուսումը շարունակելու համար մեկնում է Մոսկվա: Մոսկվայում, ապրելով հոր տանը, 17-ամյա Արշակը հաղորդակից է դառնում ավագ եղբոր թատերական առօրյային: Շուտով Արշակը մոռանում է տատին տված խոստումը և, առևտրական դպրոցի փոխարեն, ընդունվում է «Արվեստի ու գրականության ընկերություն»:

 

Երբ երիտասարդ Բուրջալյանն ընդունվում է «Ընկերություն», որը ղեկավարում էր Ստանիսլավսկին, այն հայտնի էր ամբողջ Ռուսաստանով մեկ: Երկու տարի (1896-1898թթ.) Ա. Բուրջալյանն աշխատում է այստեղ: Գևորգ Բուրջալյանը 1898թ. դառնում է Ստանիսլավսկու առաջին օգնականը Գեղարվեստական թատրոնի կազմակերպման գործում, իսկ Արշակ Բուրջալյանը մեկնում է Ս. Պետերբուրգ՝ ծովային ուսումնարան ընդունվելու:

 

Նա ծովային կարիերայի մասին երազել էր պատանեկան տարիներից: Մինչև կյանքի վերջը Արշակը, կամ ինչպես նրան կոչում էին Արկադի Սերգեևիչը, անտարբեր չմնաց ծովի հանդեպ: Նա հաճախ պարծենում էր, որ ինքը ծովային է: Ա. Բուրջալյանը շատ էր սիրում նավաստու կաշվե բաճկոնը, որից չբաժանվեց մինչև կյանքի վերջին տարիները:

 

Արշակ Բուրջալյանի կյանքի տասը տարիները (1898-1908թթ.) մնում են նրա կենսագրության անհայտ էջերը: Հայտնի է, որ ծովային եռամյա ուսումնարանը Բուրջալյանն ավարտել է 1902-1903թթ.: Հայտնի է նաև, որ տատի մահից հետո, նրա կտակի համաձայն ժառանգություն ստանալով, Բուրջալյանը մեկնել է Փարիզ: Այնուհետև, Մոսկվա վերադառնալուն պես, Ա. Բուրջալյանը Ստանիսլավսկու հանձնարարականով ընդունվում է «Չղջիկ» թատրոնը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: