Հանրագիտարան

Յակոբ Գրիմ

Հայտնի գերմանացի բանասեր հեքիաթագիր Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են. նրանց բազմաթիվ գործեր էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից:

Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Նրանք 1841թ.-ից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ: Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները: Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին: 

 

Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը:
 
Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները: 
 
Գրիմ եղբայրների հեքիաթներում  հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն): Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է: 
 
Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով: Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են:  
 
Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: