Հանրագիտարան

Սահակ Բազյան

Հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սահակ Բազյանը (1914, հունվարի 13, հին տոմարով հունվարի 1-ին - 1985, հունիսի 26) սկզբում ստորագրել է Սարգսյան (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական Բազիկյան ազգանունը, որից էլ կազմել է Բազյան ազգանունը։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի Ճընուկ գյուղում։ 1921-ին ներգաղթել է Արևելյան Հայաստան։ Յոթնամյա կրթությունը ստացել է Վերին Արտաշատ գյուղում, ապա ուսումը շարունակել է Երևանի բանֆակում, 1932-ին ավարտել է ինդուստրիալ բաժինը։

 

1934-ին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը`   հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Համալսարանն ավարտել է 1936-ին, համալսարանի ասպիրանտուրան`   1939-ին։ 1936-39-ին ուսուցչություն է արել Երևանի մանկավարժական տեխնիկումում։

 

1937-41-ին հայ գրականություն է դասախոսել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1945-48-ին`   Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1947-51-ին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1939-85-ին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1941-44-ին գլխավորել է համալսարանի լեկտորիումը և Երևանի լուսքաղկոմի ագիտբրիգադը։ 

 

1945-51-ին եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1951-57-ին`   դեկանը, 1950-53-ին`   համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի տեղակալ։ 1942-ին «Ստեփան Ոսկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
 
1968-ին «Աբովյանի գրական ժառանգությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1969) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Ստեղծագործել սկսել է բանաստեղծությամբ, 1931-ին գրել է «Ետ տուր արցունքներս» պոեմը։ Հետո անցել է գրականագիտությանը։ Մահացել է Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: