Հանրագիտարան

Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան, մանկավարժ Մատթեոս Հովհաննեսի Մամուրյանը ծնվել է 1830թ.-ի հոկտեմբերի 17-ին, մահացել 1901թ.-ի հունվարի 2-ին: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հունական դպրոցում, ապա ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան (1845թ.), Փարիզի Սամուել Մուրատյան (1850թ.) վարժարանները։

Ազատ ունկնդիր է եղել Քեմբրիջի համալսարանում (1856-1957թթ.)։ 1851թ.-ին Մ. Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է Աղաբեկյան ուսումնարանը։ 1853թ.-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսում։ Ղրիմի պատերազմի (1853-1956թթ.) ժամանակ բանակում ծառայել է որպես թարգմանիչ, 1860-1865թթ.-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ։

 

1862թ.-ին մասնակցել է Զեյթունի ապստամբների օգտին կատարված հանգանակությանը, հրապարակել Կիլիկիայում թուրքական քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-1899թթ.-ին աշխատել է Զմյուռնիայի Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում: 1871-1901թթ.-ին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը, որտեղ տպագրվել է նաև նրա «Սև լեռին մարդը» վեպը։

 

Լույս են տեսել Մամուրյանի «Հայկական նամականի» (1872թ.) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1880թ.) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Համառօտ ընդհանուր պատմութիւն դպրոցաց համար» (հ. 1-3, 1875-1878թթ.), «Համառօտ պատմութիւն Հայոց մինչեւ մեր օրերն» (1887թ.) դասագրքերը։
 
Թարգմանել է Վոլտերի, Գյոթեի, Ժյուլ Վեռնի, Վալտեր Սկոտի, Լև Տոլստոյի և այլ գրողների երկեր, «Հազար ու մեկ գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Մամուրյանը 19-րդ դարի 60-80-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից է. նա հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորել է զինված պայքարով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: