Հանրագիտարան

Արսեն Բագրատունի

Արսեն Կոմիտաս Բագրատունին հայ բանաստեղծ է, բանասեր, լեզվաբան-քերական, փիլիսոփա, թարգմանիչ: Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ: Ծնվել է Կ. Պոլսում: 1801թ. մեկնել է Վենետիկ, սովորել Մխիթարյան միաբանության դպրոցում, դարձել միաբանության անդամ (1810): Լավատեղյակ էր դասական լեզուներին: 1910թ., ավարտելով ուսումը, նշանակվել է վանքում ուսուցիչ:

Նրա աշակերտներից են եղել Գևորգ և Էդուարդ Հյուրմյուզյանները: Նկատելի աշխատանք է կատարել միաբանության վանքում թատերական ներկայացումներ կազմակերպելու ուղղությամբ, գրել է պիեսներ: Այնուհետև, հայերեն հին ձեռագրերն ուսումնասիրելու նպատակով, մեկնել է Փարիզ, ապա ճանապարհորդել է Ռուսաստանում և այլ երկրներում:

Գրական ասպարեզ է իջել 1812թ.`   կրոնական բանաստեղծություններով ու օրատորիաներով: 1852թ. լույս է տեսել «Տաղք» բանաստեղծությունների ժողովածուն: Բագրատունու ստեղծագործության պսակը «Հայկ Դիւցազն» (1858) էպիկական-հերոսական պոեմն է, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է: Պոեմը գրված է գրաբար, հայկական չափով: Գրել է նաև կրոնապատմական թատերգություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրատարակված`   1869, «Բազմավեպ»):
 
Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Ջ. Միլթոնի և այլոց ստեղծագործություններից: Անտիկ և արևմտաեվրոպական գրականություններից թարգմանած դրամատիկական ստեղծագործությունները լույս են տեսել «Ճաշակ հին և նոր ողբերգութեանց» վերնագրով. այնտեղ կան պիեսներ Սոֆոկլեսից, Ռասինից, Վոլտերից, Ալֆիերիից: «Ճաշակ Հելլեն և լատին ճարտարախօսութեան» վերնագրով լույս են տեսել նրա թարգմանությունները Էսքիլեսից, Դեմոսթենեսից, Կիկերոնից:
 
Բագրատունու «Քերականութիւն գաղղիական» (1821) գրքում ներկայացրել է ֆրանսերենի հնչյունական կազմը, ձևաբանությունը, շարահյուսությունը և այլն:
 
Նա հետազոտել է 5-7-րդ դարերի գրաբար մատենագրության լեզուն, գրել «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխատությունը: Այս աշխատությունն աչքի է ընկնումփաստական նյութի հարստությամբ և դիտարկումների համակողմանիությամբ: Մանրամասն ու բազմակողմանիորեն քննված են գրաբարի հնչյունական, բառային, ձևաբանական, շարահյուսական, ուղղագրական, նույնիսկ ոճաբանական երևույթները: Հին գրական հայերենը դիտարկված է ժամանակի մեջ, պատմական ընթացքով (5-12-րդ դդ.): Հեղինակի կարծիքով գրաբարը աստիճանական անկում է ապրել: 4-6-րդ դարերը համարում է «ոսկեդար», 7-12-րդ դարերը`   «արծաթե դար», 13-րդ դարը`   «պղնձի դար», իսկ հաջորդ դարերը`   «երկաթի, խեցու և վատթարագոյն և այլն»:
 
Լեզվի ընդհանուր տեսության հարցերը շոշափվում են նրա «Սկզբունք ուղիղ խորհելոյ և բարւոք կելոյ» (1857) աշխատության մեջ: Ուսուցողական նկատառումներով աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերէն քերականութեան» (1846) դասգիրքը, որն ունեցել է ութ հրատարակություն: Բագրատունին աշխատել է նաև հայ հին մատենագրության նշանավոր երկերի բնագրերի ճշտման և հրատարակման ուղղությամբ:
 
Գրել է հայտնի Տյուզյան ամիրաների գերդաստանի ընդարձակ պատմությունը: Հրատարակել է հայ հին մատենագիրներից մի քանիսի (Ագաթանգեղոս, Եղիշե և այլն) երկերը:
 
Գրապայքարում կանգնած էր գրաբարյանների կողմը: Արժեքավոր գործ է արել տեքստաբանության բնագավառում:
 
Բագատունին արտահայտել է նորելուկ հայ բուրժուազիայի լուսավորության գաղափարախոսությունը, ազգի համախմբումը կապել լուսավորության հետ: Այդ նպատակին է ծառայել նաև կրոնը, փիլիսոփայությունը: Փիլիսոփայությունը, Բագրատունու կարծիքով, պետք է նպաստի այդ գործընթացին, գիտական հետազոտության հուսալի մեթոդի մշակմանը: Ծայրահեղ էմպիրիզմի դիրքերից քննադատել է սխոլաստիկական ռացիոնալիզմը և դրան հարմարեցված դեդուկտիվ տրամաբանությունը, սակայն անտեսել է ճանաչողության զգայական և բանական աստիճանների որակական տարբերությունները, բացարձակացրել փորձի և ինդուկտիվ մեթոդի դերը իմացաբանության պրոցեսում: Մերժել է սուբյեկտիվ իդեալիստական և ագնոստիկական ուսմունքները: Սոցիալ-քաղաքական հայացքներում պաշտպանել է հասարակական դաշինքի տեսությունը:
 
Վախճանվել է 1866թ.-ի դեկտեմբերի 24-ին Վենետիկում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: