Հանրագիտարան

Մկրտիչ Արմեն

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906թ. դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

1921թ. եղել է բանվորագյուղացիական տեսչության ցրիչ, 1923-1925թթ. պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ: 1925թ. տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար:

 

Հիմնադրել է Լենինականի բանվորագյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը: Նրա առաջին բանաստեղծությունը`   «Անդրկովկաս», տպագրվել է 1923թ., «Բանվոր» թերթում: 1934թ. ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը:

 

1937թ.-ին շատ հայ մտավորականների նման Մ.Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարի։ 1945թ. արդարացվում է և վերադառնում։ 1971թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։

 

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը:

 

Մ. Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1972թ. դեկտեմբերի 22-ին Երևանում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: