Հանրագիտարան

Վալերի Յակովլևիչ Բրյուսով

Ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան, ռուսական սիմվոլիզմի հիմնադիր Վալերի Յակովլևիչ Բրյուսովը ծնվել է 1873թ. դեկտեմբերի 13-ին: Սովորել է նախ մասնավոր գիմնազիայում, այնուհետև Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժնում, որն ավարտել է 1899թ.:
Դեռ ուսանողական տարիներին`   1894-1895թթ., լույս է ընծայել «Ռուս սիմվոլիստներ» խորագրով չափածո ժողովածուն, որտեղ զետեղված էին հիմնականում նրա գործերը`   գրված Պ․ Վեռլենի, Ա. Ռեմբոյի և ուրիշների ազդեցությամբ: Գրական ասպարեզ մտնելուց հետո շատ չանցած՝ ճանաչվել է որպես ռուս սիմվոլիզմի առաջնորդ:
 
Իր բանաստեղծություններում և հոդվածներում քարոզում էր «Մաքուր արվեստի» տեսությունը, հանդես էր գալիս ռեալիզմի դեմ պայքարով: Նախահեղափոխական տարիներին արդեն Բրյուսովի ստեղծագործության մեջ երևան եկան երանգներ, որոնք նրան տարբերում էին մյուս սիմվոլիստներից: 
 
Մի շարք բանաստեղծություններում («Ի պատասխան», «Քարտաշը», «Աշխատանք») նա գովերգում էր ստեղծագործական աշխատանքը, ցույց տալիս կյանքի սոցիալական հակասությունները, կանխատեսում հեղափոխության անխուսափելիությունը:
 
Բրյուսովը, սակայն, հեղափոխության խնդիրներն ըմբռնում էր միակողմանիորեն և, ըստ էության, անարխիստորեն տեսնում ու փառաբանում էր միայն նրա կործանարար կողմը`   չկռահելով հասարակության զարգացման օրինաչափությունները:
 
1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանություններ է կատարել հայերենից, կազմել «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման: Վախճանվել է 1924թ. Մոսկվայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: